Աշխարհի ամենահարուստ մարդն ու ԱՄՆ նախագահի երբեմնի թիմակիցը՝ Իլոն Մասկը, Դոնալդ Թրամփի հետ հրապարակային վեճից մոտ մեկ ամիս անց հայտարարում է քաղաքական նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի նպատակն է մարտահրավեր նետել Ամերիկայում հանրապետականների և դեմոկրատների երկարատև գերիշխանությանը։
Դեռ հուլիս 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, Մասկը X-ում հարցում էր արել, թե արդյոք ամերիկացիները ցանկանում են ազատվել երկկուսակցական համակարգից։ Հարցման ավելի քան 1.2 միլիոն մասնակիցների 65 տոկոսը դրական է պատասխանել։ Այսօր էլ արդեն Մասկը գրել է՝ հաշվի առնելով հարցման արդյունքները նոր կուսակցություն կհիմնի։ «Այսօր Ամերիկայի կուսակցությունը ստեղծվել է ձեզ ձեր ազատությունը վերադարձնելու համար»,- սոցցանցում գրել է նա։
Շաբաթ օրվա դրությամբ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովը չէր հրապարակել նոր կուսակցության գրանցման մասին վկայող որևէ փաստաթուղթ։
Մասկը թե՛ բանավոր, թե՛ ֆինանսապես աջակցել է Թրամփին նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Նա մի քանի ամիս ղեկավարեց Կառավարության արդյունավետության դեպարտամենտը` այդ ընթացքում պետական հատվածում կրճատելով ավելի քան 250.000 աշխատեղ։
Պաշտոնը թողնելուց մի քանի օր անց հեռակա բանավեճ սկսվեց նրա և Թրամփի միջև, երբ Մասկը հայտարարեց, որ Թրամփի առաջարկած բյուջեի նախագիծը զզվելի է։ Այն նախատեսում է երկրի պետական պարտքի առավելագույն շեմը բարձրացնել մինչև 5 տրիլիոն դոլար և կրճատել էլեկտրական մեքենաների համար նախատեսված հարկային արտոնությունները, ինչը ուղղակի հարված է Մասկին պատկանող, էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությանը։
Վեճը վերսկսվեց այս շաբաթ, բայց դա չխանգարեց Կոնգրեսում բյուջեի հաստատմանը, ինչից հետո Թրամփն այն ստորագրեց ուրբաթ։
X-ում այսօր արած գրառմամբ Մասկը քննադատել է Թրամփի բյուջեն՝ պնդելով, որ այն վատնում է հարկատուների գումարները և մեծացնում է պետական պարտքը։ «Երբ խոսքը մեր երկիրը վատ կառավարելու և կոռուպցիայի միջոցով կործանելու մասին է, մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, ոչ թե ժողովրդավարությունում», - գրել է գործարարը։
Միլիարդատերը դեռ չի բացահայտել իր ապագա քաղաքական ռազմավարությունը։ Հստակ է, որ նա չի կարող անձամբ առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ ծնվել է ԱՄՆ-ից դուրս, ինչը հակասում է ամերիկյան Սահմանադրության 2-րդ հոդվածին: